Ներսես Ա Մեծ
Ներսես Ա Մեծ | |
---|---|
Ծնվել է | մոտ 329[1] |
Մահացել է | 373[2][3][4][…] |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և քահանա |
Ամուսին | Սանդուխտ Մամիկոնյան |
Ծնողներ | հայր՝ Աթանագինես[2][3], մայր՝ Բամբիշ[2][3] |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Երեխաներ | Սահակ Ա Պարթև[5][3] |
Ներսես Ա Մեծ (մոտ 329[1] - 373[2][3][4][…]), Ամենայն հայոց կաթողիկոս (353-373)։ Հաջորդել է Փառեն Ա Աշտիշատցի կաթողիկոսին։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնելի սրբերից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսես Պարթևը ծնվել է մոտ 329 թվականին (ծննդյան վայրը անհայտ է), սերում է Գրիգոր Լուսավորչի տոհմից, Հուսիկ Ա Պարթևի թոռն է։ Մանկության և պատանեկության տարիներին ապրել, կրթվել ու դաստիարակվել է Կեսարիայում։ Կեսարիայում ուսանելուց հետո վերադարձել է հայրենիք, որտեղ Արշակ Բ արքան նրան նշանակել է արքունի սենեկապետ։ Ամուսնացել է Հայոց սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի որդի Վարդանի դստեր՝ Սահանդուխտի հետ։ 351 թվականին Արշակ Երկրորդ արքայի հանձնարարությամբ Ներսես Պարթևը առաջնորդել է Կոստանդնուպոլիս ուղևորվող հայկական պատվիրակությանը, մասնակցել հայ-հռոմեական լարված հարաբերությունների կարգավորմանը։
Ներսես Ա Մեծը՝ կաթողիկոս
[խմբագրել | խմբագրել կոդը]353 թվականին Արշակ Բ-ի հրահանգով Ներսես Ա Պարթևը ձեռնադրվել է եպիսկոպոս, ապա մեկնել Կեսարիա, որտեղ հանդիսավորությամբ օծվել է Հայոց կաթողիկոս։ Ըստ ավանդության այնտեղ նրա հետ ձեռնադրվել է նաև 4-րդ դարի եկեղեցական նշանավոր հայրերից Բարսեղ Կեսարացին։ Կաթողիկոս ձեռնադրվելուց մեկ տարի անց՝ 353-354 թվականներին, Ներսես կաթողիկոսը Աշտիշատում գումարում է Հայոց Ա ազգային եկեղեցական ժողովը։ Ժողովը որոշում է Հայաստանի տարբեր վայրերում հիմնել աղքատանոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, ուրկանոցներ, հյուրանոցներ և այլ բարեգործական հաստատություններ, ինչպես նաև արգելում է հեթանոսական սովորությամբ՝ լաց ու կոծով, հանդերձներ պատռելով մեռելներ թաղել, քանի որ քրիստոնյան պարտավոր է հավատալ հանդերձյալ կյանքին։ Արգելվում է մերձավոր արյունակիցների ամուսնությունը։ Հանձնարարվում է հեռու մնալ հարբեցողությունից, պոռնկությունից, սպանությունից, գթությամբ վարվել ծառաների հետ, ծանր հարկերով չնեղել ժողովրդին և այլն։ Ժողովի որոշումներից է նաև վանքեր և պարսպապատ կուսանոցներ հիմնելը, յուրաքանչյուր վանքում դպրոց հաստատելը։ Ժողովի որոշումները կարճ ժամանակամիջոցում կյանքի են կոչվում։ Ժողովը նաև խիստ պատիժներ է սահմանել արվամոլների, կենդանամոլների և սեռական այլ սանձարձակությունների դեմ։ Ներսես Ա-ն հոգ էր տանում որպեսզի Հայոց Եկեղեցու պաշտոնյաները զինվեն գիտությամբ և աստվածային իմաստությամբ։ Սուրբ հայրապետը հայտնի էր մեծ աղքատասիրությամբ. նա երբեք ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին և կույրերին, անդամալույծներին և ցավագարներին։ Սիրում էր անձամբ սպասավորել և դարմանել նրանց։
Ներսես Մեծի հարաբերություններն արքունիքի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսես Ա Պարթևը և Արշակ Երկրորդը ներքին ու արտաքին քաղաքականության վարման հարցերում ունեցել են ներհակ դիրքորոշում, որի հետևանքով լարվել են հարաբերությունները։ Կաթողիկոսը բացահայտորեն ընդդիմացել է Արշակ Բ-ին և համակրել ու պաշտպանել Արշակունյաց Մեծ սեպուհ Գնելին։ 353 թվականին Գնելը դավադրաբար սպանվում է, իսկ Ներսես Պարթևին Արշակ արքան մեկուսացնում է Աշտիշատում։ 363 թվականին Հուլիանոս կայսեր զոհվելուց հետո, և նրան հաջորդած Հովիանոս կայսեր կնքած «ամոթալի պայմանագրից» հետո, երբ Մեծ Հայքը զրկվել էր Հռոմի ռազմական օգնությունից և հայտնվել պարսկական զորքերի հարձակման վտանգի առջև, Արշակ թագավորը խնդրում է Ներսես Ա Պարթևին վերստին ստանձնել Հայոց կաթողիկոսի պարտականությունները՝ հուսալով նրա հեղինակավոր միջամտությամբ վերահաստատել հայ-հռոմեական հարաբերությունները։ Ներսես Ա Պարթևը պատվիրակությամբ մեկնում է Հռոմ, որտեղ արիոսյան աղանդավորներին հովանավորող Հռոմի նոր կայսր Վաղեսը Ներսես Ա Պարթևին կալանավորում և աքսորում է Միջերկրական ծովի անմարդաբնակ կղզիներից մեկը։ Կաթողիկոսն աքսորից ազատվում է միայն Պապ Արշակունու օրոք /370-374 թվականներ/ և վերադառնում է հայրենիք։
371 թվականի պարսկական զորքերի դեմ Ձիրավի ճակատամարտում Ներսես Ա Մեծը քաջալերում էր հայ մարտիկներին, որ աներկյուղ և հավատով զինված մարտնչեն թշնամու դեմ։ Իսկ ինքը, բարձրանալով Նպատ լեռան գագաթը, ողջ մարտի ընթացքում բազկատարած աղոթում էր, մինչև որ հայոց զորքը լիակատար հաղթանակ տարավ։
Ներսես Ա Մեծի մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն 5-րդ դարի պատմագիր Փավստոս Բուզանդի՝ Հայոց կաթողիկոսը սպանվել է Պապ թագավորի կողմից թունավորվելով, սակայն ըստ այլ աղբյուրների կաթողիկոսը ընդամենը ունեցել է առողջական խնդիրներ[փա՞ստ]։ Ըստ եկեղեցական ուշ մի ավանդության, հայրապետը կանխապես իմացել է թագավորի դավադրության մասին, սակայն կամովին ընդունել է մահվան հրավերը՝ թունավորված գինին խմելուց առաջ հանդիմանելով արքային։ Այնուհետև իր մահն արժանավայել դիմավորելու համար պատարագ է մատուցել, իսկ մահվանից առաջ մերձավորներին պատմել տեսիլքը Հայաստանին սպասվող իրադարձությունների՝ Արշակունիների կործանման, Արևելքի նվաճողների տիրապետության, նրանց կործանման, երկրում քրիստոնեության վերածաղկման և այլ իրադարձությունների մասին։ Համաձայն մեկ այլ վարկածի Ներսես Ա Պարթևը վախճանվել է թոքերի հիվանդությունից 373 թվականի հուլիսի 25-ին։ Կաթողիկոսի մահը եղել է Եկեղյաց գավառի Խախ արքունի ավանում։ Թաղվել է Եկեղյաց գավառի Թիլ ավանում։ Հայոց եկեղեցին դասել է Ներսես Ա Մեծ կաթողիկոսին սրբերի շարքը։ Նրա հիշատակը տոնվում է Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին հաջորդող շաբաթ օրը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանկական Քրիստոնեական Հանրագիտարան, Երևան, 1998։
- Հայոց Եկեղեցու Հանրագիտարան, Պրակ Ա, Ամենայն Հայոց Կաթողիկոսներ, Ս. Էջմիածին, 2008։
- Օրմանյան Մ., Ազգապատում, հատ. Ա., Ս Էջմիածին, 2001։
- Փավստոս Բուզանդ Հայոց պատմություն, Երևան 1968։
- «Սոփերք հայկականք», հատ Զ. Վենետիկ, 1853 թ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 252.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 243.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 108. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 4,0 4,1 4,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 243—244.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 252)։ |
Նախորդ | Ամենայն Հայոց Կաթողիկոս | Հաջորդ |
Փառեն Ա Աշտիշատցի (348-353) |
Ներսես Ա Մեծ (353-373) |
Շահակ Ա Մանազկերտցի (373-377) |